Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Սերգեյ Սողոմոնի Իստամանով. ծննդյան 170 ամյակը

Իսկական անունը՝ Սարգիս Իստամանյան, բժիշկ, փսիխոֆիզիոլոգ, վեներոլոգ, բժշկության դոկտոր:

Ծնվել է 1852 թ., Թիֆլիսում:
 
1869-77 թթ. սովորել է Գերմանիայի Վյուրցբուրգ և Լայպցիգ քաղաքների համալսարաններում, Ենայի համալսարանի բժշկական ֆակուլտետում:
 
1877-79 թթ. որպես զինվորական բժիշկ մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին:
 
1881-85 թթ. որպես ասիստենտ աշխատել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում: Լինելով ռուս մեծ գիտնական Ի. Սեչենովի հետևորդը, աշխատել է հայազգի գիտնական Ի. Թարխանովի ղեկավարած ֆիզիոլոգիայի լաբորատորիայում և ուսումնասիրել զգացող նյարդերի գրգռումների ազդեցությունը մարդու և կենդանիների վերջույթների ծավալի, մաշկի ջերմաստիճանի, երակազարկի, արյունաճնշման, ուղեղի ծավալի փոփոխությունների վրա:
 
1885 թ. Ս. Պետերբուրգում պաշտպանել է թեզ. «Մարդու անոթային համակարգի վրա զգացող նյարդերի գրգռման ազդեցության մասին» թեմայով և արժանացել բժշկության դոկտորի աստիճանի:
 
1889 թ. Թիֆլիսի քաղաքային վարչության որոշմամբ և ֆինանսավորմամբ բացել է կանանց վեներական հիվանդությունների բուժարան և աշխատել գլխավոր բժիշկ:
 
Զբաղվելով վեներոլոգիայի խնդիրների լուսաբանմամբ, հեղինակել մի շարք ծանրակշիռ գիտական աշխատություններ:
 
1897 թ. բժիշկ (հետագայում՝ բժշկության դոկտոր) Ա. Հակոբյանցի մասնակցությամբ կատարել է փափուկ շանկրի հարուցչի կլինիկական և մանրէաբանական ուսումնասիրություն և աշխարհում առաջինը արհեստական սննդամիջավայրում ստացել այդ հարուցչի մաքուր կուլտուրան և պատվաստումների միջոցով ապացուցել նրա յուրահատկությունը:
 
Կովկասյան կայսերական բժշկական ընկերության նիստում հաղորդելով իրենց գյուտի մասին, Իստամանովը հայտարարում է, որ փափուկ շանկրը «յուրատեսակ» հիվանդություն է, որի հարուցիչը հենց Դյուկրեյի հայտնաբերած ցուպիկն է:
 
1912 թ. նշանակվել է Թիֆլիսի Ալեքսանդրյան մաշկավեներաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ:
 
1886-1908 թթ. եղել է Կովկասյան կայսերական բժշկական ընկերության իսկական անդամ, 1908-09 թթ. փոխնախագահը, 1910-12 թթ.՝ նախագահը:
 
ԽՍՀՄ ՄԳԱ ակադեմիկոս Մ. Մազմանյանը և բժշկագիտության դոկտոր պրոֆ. Ա. Լալայանը հավաստել են, որ Ս. Իստամանովի անունը արժանի տեղ է գրավում հայրենական ֆիզիոլոգիայի և հոգեբանության պատմության մեջ, քանի որ նա առաջիններից էր, որ կասկածի տակ առնելով վեգետատիվ պրոցեսների ավտոմատիկ լինելու մասին տարածված դրույթը, ցույց տվեց գլխուղեղի կեղևի մասնակցությունը նաև վեգետատիվ պրոցեսներին, նշեց կեղևի կապը ներքին օրգանների հետ, դրանով իսկ պաշտպանելով ներվիզմի տեսությունը:
 
ԽՍՀՄ ԳԱ ԵՎ ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ, խոշոր ֆիզիոլոգ և հոգեբան Ս. Կրավկովը վկայում է. «Ս. Իստամանովի հետազոտություններում և եզրահանգումներում չի կարելի չտեսնել այն բանի նախատիպը, որը քիչ ավելի ուշ շարադրեց Ի. Պավլովը՝ պայմանական ռեֆլեքսների վերաբերյալ իր ուսմունքում»:
 
Հայտնաբերել է այնպիսի օրինաչափություններ, որոնք բացարձակ նորություն էին փսիխոֆիզիկայի ասպարեզում:
 
Մարդկային հույզերը կապելով զգայությունների հետևանքով օրգանիզմում կատարվող փոփոխությունների ու դրսևորումների հետ, ցույց է տվել, թե ինչպես բերանի լորձաթաղանթի և մաշկի այլ մասերի գրգռման հետևանքով առաջացած՝ արյունատար անոթների մկանների լայնացումը կամ նեղացումը որոշակի դեր ունի մարդու ինքնազգացողության գործում:
 
Ըստ նրա, արտաքին գրգռիչներից առաջացած մարմնական փոփոխությունները կարելի է բացատրել օրգանիզմում կատարվող ինտիմ բնույթի ֆիզիկա-քիմիական պրոցեսների և դրանց դրսևորումների վրա ունեցած գլխուղեղի ազդեցությամբ:
 
Նա փորձերով ապացուցել է, որ երաժշտության ազդեցության տակ մարդու արյունատար անոթների մկանային տոնուսը ուժեղանում է, մարմնի ջերմությունը՝ իջնում, արյան ճնշումը՝ բարձրանում, զարկերակի աշխատանքը՝ արագանում:
 
Իր փորձերով արել է ֆիզիոլոգիայի և հոգեբանության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք եզրակացություններ:
 
Ըստ նրա, արտաքին զգայարանի նույնիսկ աննշան գրգռման դեպքում առաջանում են պերիֆերիկ մասերի արյան շրջանառության փոփոխություններ:
 
Այսպիսով, Իստամանովը առաջիններից էր, որ
 

  • կասկածի տակ դրեց վեգետատիվ պրոցեսների ավտոմատիկ լինելու իշխող դրույթը,
  • ընդգծեց գլխուղեղի կեղևի մասնակցությունը վեգետատիվ պրոցեսներին, նշեց կեղևի կապը ներքին օրգանների հետ, պաշտպանեց նևրիզմի դարակազմիկ դրույթը,
  • պաշտպանեց և փորձերով հաստատեց Ի. Սեչենովի ռեֆլեկտոր տեսությունը,
  • ընդգծեց արտաքին զգայարանների գործունեության անպայման ռեֆլեկտոր և պայմանական ռեֆլեկտոր բնույթ ունենալը,
  • հոգեկան երևույթները մեկնաբանեց որպես գլխուղեղի ռեֆլեքսներ:

 
Հեղինակ է ֆիզիոլոգիայի, հոգեբանության և վեներաբանության խնդիրներին վերաբերող շուրջ 15 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են ռուսական և արտասահմանյան հանդեսներում:
 
Մահացել է 1913 թ., Թիֆլիսում:
 
Հարություն Մինասյանի «Հայազգի բժիշկ գործիչներ» գրքից, համառոտագրված տարբերակ

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ